Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել ԳՇ պետի և ԱԱԾ պաշտոնյայի հետ փակ հանդիպումից

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ են քննարկել ԶՈՒ ղեկավար կազմի հետ փակ հանդիպմանը, որը նախաձեռնել էին ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատգամավորների հետ փակ քննարկմանը մասնակցել են ԳՇ պետը և ԱԱԾ-ից ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի տեղակալը:
Օհանյանի խոսքով՝ շուրջ 3 ժամից ավելի բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել:
«Եվ այդ առաջին հերթին իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաև պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերվում են ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների և մեր պատրաստության վերաբերյալ»,-ասաց Օհանյանը:
Օհանյանի գնահատմամբ՝ մի քանի խնդիրներ կան:
«Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող միջանցքի շրջանակներում է դա տեղի ունեցել: Եվ, քանի որ դիվանագիտական հարցեր են, խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ակնհայտ է, որ ԳՇ պետը շատ հարցերի չէր տիրապետում: Բացթողումները վերաբերվում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև, որպեսզի ցանկացած այդպիսի փոփոխությունների՝ դիրքերի զբաղեցման, փոխարինման գործընթացը կարողանանք առաջընթացով կատարենք, կանխարգելենք շատ միջոցառումներ և չուշանանք»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: