ՌԴ-ն մինչև մայիսի կեսերը զիջումների չի գնա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Նա այս մասին ասել է ուրբաթ RTL ռադիոկայանի եթերում։ «Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի: Կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է Մակրոնը։ Նրա կարծիքով, «առաջիկա շաբաթներին Ռուսաստանից պետք չէ սպասել դիվանագիտական զիջումներ», գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։ Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»: «Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։