ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքի եթերում, մեջբերում է Ukrinform-ը։

«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակելու են ռուսական ինքնաթիռների վրա, դա կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սեփական բնակչությանը», - ասել է Բերբոկը:

Նա նշել է, որ դաշինքը պատասխանատու է միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար և չի կարող ռիսկի դիմել, որ Ուկրաինայում պատերազմը տարածվի այլ երկրներում և վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքները «խփում են հենց սրտին»։

Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ Պուտինի համար «կարմիր գծեր» չկան, ուստի ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր արևելյան սահմանները, որպեսզի կարողանա պաշտպանել իր դաշնակիցներին։ Նա հավելել է, որ Գերմանիան աջակցում է Լեհաստանի կողմից Ուկրաինա խորհրդային ինքնաթիռների տեղափոխմանը։