Սաակաշվիլին բանտից հայտարարել է, որ իրեն կարող է ազատել միայն վրաց ժողովուրդը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատիժ է կրում բանտում, նոր կոչ է տարածել, որում ասվում է, որ իրեն ոչ մի պաշտոն պետք չէ, և որ նա միայն ազատություն է ուզում, գրում է sputnik-georgia.ru-ն։ Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է անվանում, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործերը, ըստ նրա, շինծու են։ Ի նշան բողոքի՝ նա հացադուլի մեջ է գտնվում կալանավորման առաջին օրվանից՝ հոկտեմբերի 1-ից։ «Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ես ուզում եմ ապրել, ես ազատություն եմ ուզում, Վրաստանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ ազատ, երջանիկ մարդկանց միջև»,- ասել է Սաակաշվիլին իր ուղերձում, որը կարդացել է փաստաբան Գիորգի Գելխաուրին իր հետ հանդիպումից հետո։ Նախկին նախագահի խոսքով, չպետք է հույս դնել իշխանությունների կողմից իր ներման վրա, և միայն վրաց ժողովուրդը կարող է ազատել իրեն և երկիրը։ Նա նաև նշել է, որ «վրաց ժողովուրդը ընտրական հեղափոխություն է արել»՝ ՏԻՄ ընտրություններում աջակցելով ընդդիմությանը։ Սաակաշվիլիի խոսքով՝ ընդդիմադիր թեկնածուները բոլոր քաղաքներում հաղթել են իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին, իսկ իշխանությունները «գողացել են հաղթանակը»։ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: