Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով բարձրացնող իշխանությունները թմբկահարում են «աշխարհացունց» նորությունը, թե 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում են բարձրացնել կենսաթոշակները՝ ամբողջ 2100 դրամով: Սա դարձել է թե՛ ծաղրի, թե՛ քննադատության առարկա: Տնտեսագետները նույնիսկ վերլուծություններ են անում, որ նման բարձրացումը թոշակառուների համար զրոյական նշանակություն ունի, հատկապես առկա սարսափելի գնաճի պայմաններում: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, կարծես մոռացվեց ամենակարևորը:

Բարձրանում է ոչ թե բազային կենսաթոշակը, այլ նվազագույնը, որը դառնում է 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի փոխարեն: Իհարկե, կառավարությունը սա չի թաքցրել, պարզ հայտարարել են, որ բարձրանում է նվազագույն կենսաթոշակը: Սակայն տեղեկությունը մատուցվեց այնպես, որ թոշակառուները կարծեցին, թե իրենց թոշակը բարձրանալու է, թեկուզ չնչին չափով:

Կարելի է ասել՝ անթերի փիառ արվեց: Իրականում, սակայն, կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ, այսինքն՝ նրանցը, ովքեր մինչ այս ստանում էին 26500 դրամից ցածր թոշակ: Իսկ աշխատանքային որոշակի ստաժ ունեցող և ներկայումս 28600 դրամից ավելի ստացողների կենսաթոշակը ոչ մի լումայով չի բարձրանա: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նշյալ 15600 թիվը ընդհանուր կենսաթոշակառուների մոտ 3 տոկոսն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում