Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանը կլուծի բեռնատարների տարանցիկ խնդիրները. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թշնամիներին չպետք է հնարավորություն տրվի խաթարելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերը, գրում  է Mehr-ը:

Երեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարելու իրենց հարաբերությունները:

Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:

Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ: Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ:

Բայրամովը, իր հերթին, ընդգծել է երկխոսության և հանգիստ և անկեղծ միջավայրում խնդիրները լուծելու անհրաժեշտությունը: Նա առաջարկել է, որ երկու երկրների մաքսային ծառայողները անմիջական բանակցություններ վարեն իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու համար:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև ընդգծել է բեռնատարների իրանցի երկու վարորդների ազատ արձակմանը հասնելու անհրաժեշտությունը: