Ավստրիայում կայացել է երկրի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդմնակալության արարողությունը

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վանդեր Բելենն ընդունել է երկրի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի և նոր արտգործնախարար Միխայել Լինհարթի երդմնակալությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի:

Շալենբերգը, որը երկրի արդեն նախկին արտգործնախարարն է, 5 տարի աշխատել է նաև Բրյուսելում ավստրիական ներկայացուցչություն իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնում: Վան դեր Բելենը հայտարարել որ դա «լավ նախադրյալ» է դաշնային կանցլերի համար՝ վերջինիս «հաստատակամ եվրոպացի» անվանելով:

Նախագահը նաև կանցլերի պարտականություններից ազատել է Սեբաստիան Կուրցին, որը ներկա չի եղել արարողությանը: Հիշեցնենք, որ Սեբաստիան Կուրցը կանցլերի պաշտոնից հրաժարական է ներկայացրել շաբաթ: Այդ քայլին նա գնացել է դատախազության կողմից իր և ևս 9 անձի դեմ բացված հակակոռուպցիոն գործով հետաքննության ֆոնին: Խոսքը 2016-18 թվականներին «ԶԼՄ-ներին կաշառելու» վերաբերյալ գործի մասին է: Նախկին կանցլերը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները: