Սաակաշվիլին հոգեկան ծանր վիճակում է. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը կտրուկ փոխվել է կալանավորվելուց հետո:

«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել: «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը՝ խմբ.) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ «կործանված պետության փոխարեն Սաակաշվիլին Վրաստանում հայտնաբերել է լավ կազմակերպված պետական համակարգ»: «Այդ ամենը բացատրում է Սաակաշվիլիի հոգեկան վիճակի կտրուկ փոփոխությունը»,- հավելել է երկրի վարչապետը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 2-ին, երբ վերջինս հայրենիք էր վերադարձել՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: