Հիմա ով և ում հետ «փայ մտավ» ԶՊՄԿ-ում, սա ՀՀ պատմության ամենամութ գործարքն է. Քոչարյան

Այս իշխանության գերնպատակը սեփական իշխանությունը պահելն է, եթե այս պահին դա ձեռնտու է անել ՌԴ-ի հետ, ապա փորձելու են անել ՌԴ-ի հետ, եթե վաղը ձեռնտու լինի անել Թուրքիայի հետ, ապա փորձելու են պահել Թուրքիայի հետ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ մի փնտրեք բարդ սխեմաներ, շատ ավելի պարզ է ամեն ինչ։ «Իզմ»-երի բացակայության անբարոյականությունը հենց սրա մեջ է, որ դու քեզ չես կապում որևէ սկզբունքի հետ, այլ սկզբունքը աթոռը պահելն է»,-ասաց նա։

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնեմասերի 25 տոկոսը կառավարությանը նվիրաբերելու գործարքին, ՀՀ երկրորդ նախագան ասաց․ «Դա այն կոմբինատն է, որ անընդհատ կապում էին ինձ հետ և որի հետ ես երբևիցե կապ չեմ ունեցել։ Դա  հետևողականորեն արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից։ Հիմա տեսեք, թե ով և ում հետ «փայ մտավ»։ Սա երևի ՀՀ պատմության մեջ ամենամութ գործարքն է` անհասկանալի տրամաբանությամբ։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվի Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության կողմից, ի՞նչ գործ ունի այստեղ վարչապետի աշխատակազմը։ Սա «փայ մտնել» է ՀՀ ամենախոշոր ակտիվի մեջ, և կոռուպցիայի դրսևորման լկտիության հասնող պիլոտաժ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։