Ալիևների ընտանիքը օֆշորային նոր սկանդալի կիզակետում

Մեծ Բրիտանիայի թագավորական ունեցվածքը կառավարող crown estate կազմակերպությունը հետաքննություն է սկսել Լոնդոնում գտնվող 67 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ սեփականության շուրջ, որը, ինչպես պարզվել է, գնվել է Ադրբեջանի իշխող ընտանիքի կողմից, որի անդամները պարբերաբար կոռուպցիայի մեջ են մեղադրվում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ ներկայացնելով հետաքննության արդյունքները:

Սեփականության գնման մանրամասները գրանցված են «Պանդորայի փաստաթղթերում», որոնք բացահայտում են, թե ինչ կապ ունի օֆշորային ընկերությունների ցանցը Ալիևների ընտանիքի հետ: Ըստ փաստաթղթերի՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը մոտ 400 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ սեփականություն է ձեռք բերել վերջին 15 տարում:  

Վերոնշյալ լոնդոնյան սեփականության գնման գործարքի համաձայն՝ 2009 թվականին մեկ շինություն է ձեռք բերվել 33.5 մ ֆունտ արժողությամբ օֆշորային ընկերության միջոցով, որի սեփականատերն է նախագահ Ալիևի որդին՝ Հեյդարը, որն ժամանակ 11 տարեկան էր:

Հետաքննությունն ակնհայտ բացեր է հայտնաբերել Մեծ Բրիտանիայի՝ սեփականության գրանցման համակարգում, ինչի արդյունքում հարց է առաջանում՝ արդյոք պատշաճ կերպով է գործում երկրում իրավական փորձաքննությունը, ինչպես նկատում է բրիտանական պարբերականը: