Իրանի նախագահը կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի ղեկավարի պաշտոնում իր առաջին այցով կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակին:

ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով նախագահի աշխատանքային գրաֆիկով նախատեսված առաջին այցը, նշել է, որ այն երկու նպատակ ունի` մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և բանակցություններ վարել Թեհրան-Դուշանբե հարաբերությունների շուրջ:

«Նախագահի գրասենյակը և արտաքին գործերի նախարարությունը երկու հարցով էլ աշխատում են ընդարձակ ծրագրի շուրջ: Անհրաժեշտ կարգավորումներն արվել են Դուշանբեի և Տաջիկստանում Իրանի դեսպանատան կողմից»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Վերջինս հավելել է, որ սեպտեմբերի 16-17-ը կայանալիք գագաթնաժողովին կքննարկվի ՇՀԿ-ին միանալու Իրանի դիմումը: