Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային օրենսդիրների աճող խմբին, որոնք երկրի կառավարությունից՝ ի դեմս Ավստրալիայի վարչապետի, պահանջում են պաշտոնապես ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի գրասենյակը:

«Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն և ասորի համայնքները, որով կոչ է արվում ճանաչել երեք ազգերի ցեղասպանությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ  ՄքԲեյնը նախկինում եղել է Բեգա Վելի Շիրի քաղաքապետ և խորհրդարանի անդամ է դարձել անցած տարի:

Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է ՄքԲեյնի քայլը` հավելելով, որ ավելի քան քառասուն դաշնային խորհրդարանական դիմել է երկրի կառավարությանը` 1915-ին տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման կոչով: