Արսեն Ավակովի մասնակցությամբ ռազմական հեղաշրջում է կանխատեսվել

Ուկրաինայում հնարավոր է ռազմական հեղաշրջում տեղի ունենա, որի արդյունքում երկրում իշխանության կգա ռազմական խունտա, որի կազմում կլինի նաև  ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովը: Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը, գրում է «Իզվեստիա»-ն:

«Չեմ կարծում, որ կձգվի մինչև 2024 թվականը: Ռազմական հեղաշրջում (տեղի կունենա) առանց այլընտրանքի, (տեղի կունենա) իշխանության փոխանցում ինչ-որ ռազմական խունտայի, որում ներառված կլինի նաև Ավակովը»,-ասել է Ժարիխինը:

Նա ավելացրել է, որ Ավակովի պաշտոնանկության պատճառը կարող է լինել հետագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմին իրեն հակադրելու մտադրությունը:

«Ավակովը հեռացել է՝ ցույց տալու համար իր ելքը Զելենսկիի թիմից: Չեմ բացառում, որ հաշվի առնելով, որ մինչ այդ նա հանդիպում էր ունեցել իր վաղեմի ծանոթ ԱՄՆ դեսպանի հետ, ամերիկացիները սկսել են վերակազմակերպել ուկրաինական կառավարությունը, իսկ Ավակովը հեռացել է, որպեսզի ապագայում հակադրվի Զելենսկիի թիմին, դրա դեմ պայքարի  մեկ այլ թիմի շրջանակներում, որը ամերիկացիներն արդեն սկսում են ձևավորել»,-նշել է փորձագետը:

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգները զգացել է, որ Զելենսկիի թիմը թույլ է, որպեսզի կարողանա սահմանադրությունից հեռանալ հօգուտ ուղիղ ռազմական կառավարման:

«Հետևաբար, այժմ նրա թիմից հեռացվում են ամենագործունակ մարդիկ, նրանցից մեկը Ավակովն է՝ հետագայում նրանց հակադրելու և իշխանության բերելու համար»,-եզրափակել է Ժարիխինը:

Ավակովը հրաժարականի դիմում է գրել հուլիսի 13-ին, նա Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: