ՌԴ-ն պատրաստ է ԽՍՀՄ նախկին երկրների հետ ավելի խոր համագործակցության. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում իր կարծիքն է հայտնել նախկին Խորհրդային Միության հանրապետություններում իրավիճակի մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ ժամանակակից Ռուսաստանը ճանաչել է այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները:

«Մենք, բնականաբար, անհանգստացած ենք սպառնալիքներից, որոնք կարող են ինչ-որ տեղ ծագել»,-ասել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է որ նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների հետ, որոնց թվում, օրինակ, Ղազախստանն է, Ռուսաստանը դաշնակցային և բարեկամական հարաբերություններ ունի: Կա ՀԱՊԿ-ը, տնտեսական միություններ:

«Բայց մենք ոչ մեկին չենք քաշում այնտեղ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք փնտրում ենք փոխզիջումային ուղիներ, որոնք կհանգեցնեն մեր գործընկերներին բավարարող իրավիճակի»,-ասել է Պուտինը`նշելով, որ բանակցային գործընթացը միշտ էլ դժվար է, բայց «մենք համբերությամբ ենք լցվում և փնտրում ենք ընդունելի լուծումներ բոլորիս համար»:

Որպես օրինակ նա բերել է Եվրոպական միությունը, որը զարգանում է, բայց միևնույն ժամանակ այն չեն համեմատում Խորհրդային Միության հետ:

«Սա կամավոր հարց է, մենք բավականին գոհ կլինենք, եթե բարեկամական կայուն հարաբերություններ ունենանք նույնիսկ երկկողմ ձևաչափով, մենք պատրաստ ենք դրան, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ճանաչելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները»,-ասել է Պուտինը ՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պատրաստ է նաև ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ավելի խորը համագործակցության:

Նաև, ըստ Պուտինի, Ռուսաստանը տեսնում է, որ սկսվել է Ուկրաինայի ռազմական յուրացումը: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ այդ մտահոգությունները լուրջ կընկալվեն նրանց կողմից, ովքեր դա անում են:

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է երկրի համար խնդիրներ ու սպառնալիքներ չստեղծելը: «Իսկ մենք տեսնում ենք, որ այս տարածքի (Ուկրաինա) ռազմական յուրացումը սկսվել է: Դա է մեզ անհանգստացնում: Ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին: Կարծում եմ, որ մեր մտահոգությունները, ի վերջո, կլսեն նրանք, ովքեր դա անում են»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ դա չի անում Ուկրաինան, այլ այս երկրի տարածքն ու մարդիկ օգտագործվում են այս եղանակով: «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր մտահոգություններին լուրջ կվերաբերեն»,-ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ երկուշաբթի օրը Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը հարգում է ուկրաինական լեզուն և ավանդույթները, ինչպես նաև ուկրաինացիների ցանկությունը՝ տեսնել իրենց պետությունն ազատ, անվտանգ և բարեկեցիկ: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան միասին միշտ ավելի ուժեղ և հաջողակ կլինեն: